Բնության համաշխարհային հիմնադրամի ֆոտոթակարդները Խոսրովի արգելոցում նկարահանել են Կովկասյան ընձառյուծ։ Արգելոցի պատմության մեջ այս կենդանատեսակի տեղաշարժը ֆիքսել են առաջին անգամ: Ընձառյուծը երիտասարդ արու է, արդեն 4 ամսից ավելի է, ինչ արգելոցում է։ Նրա վերադարձը խոսում է այն մասին, որ արգելոցում կա բավարար քանակությամբ որս, անցած տարվա հրդեհից հետո բնությունը վերականգնվում է եւ հրդեհը կործանարար չի եղել կենդանական աշխարհի համար։ Կենդանատեսակը գրանցված է Կարմիր գրքում եւ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում` «կրիտիկական» կարգավիճակով: Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնք ապրում են Արարատի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում: