Ձկան և խեցգետնի արդյունահանում, պետական գույքի վարձակալություն, հանքերի շահագործում... Տնտեսական մրցակցության հանձնաժողովը պետական 27 մարմին է ուսումնասիրել, որոնք լիցենզիա են տրամադրում սահմանափակ ռեսուրսներից օգտվելու համար: 600 իրավական ակտ են ուսումնասիրել և պարզել, օրենքը չեն խախտում, բայց լիցենզիան տրամադրելիս մրցակցություն չեն ապահովում:
Այդպես նաև հանքերն են շահագործման հանձնվում՝ առանց մրցույթի: Հանձնաժողովն առաջարկներ է պատրաստել կառավարությանն ու պետական մարմիններին: Սահմանափակ ռեսուրսներից օգտվելու հնարավորություն բոլորին պետք է տրվի և բաց մրցույթ հայտարարվի:
Պետական գերատեսչությունների ենթակայությամբ գործող կառույցները նաև բիզնես գործառույթ են իրականացնում: Օրինակ՝ հանգստի գոտու կազմակերպում կամ իրավաբանական վճարովի ծառայություններ: Մասնավորն այս դեպքում դուրս է մնում մրցակցությունից: Տնտեսական մրցակցության հանձնաժողովն առաջարկել է հստակ տարանջատում մտցնել բիզնեսի և պետական գործառույթի միջև: Պետգույքի օտարման կամ վարձակալության կամայական դեպքերն էլ են շատ:
Հանձնաժողովն առաջարկում է էլեկտրոնային բաց հարթակ ստեղծել բոլոր մրցույթների համար: Ընդհանուր 45 գործառույթ է առանձնացրել, որոնք պետք է փոխել և իրականացնել մրցակցային կարգով: