Սա Տոկիոն է 1995-ի մարտին Ճապոնիայում ամենազանգվածային ահաբեկչական ակտից րոպեներ անց: Մեգապոլիսի մետրոյում պիկ ժամին 5 կետով իրականացվել էր ամենաթունավոր և ամենավտանգավոր հարձակումը: Հիմա Սիրիայից և Իրաքից հայտնի քիմիական, մահացու Զարին գազով:
Սպանվեց 13 մարդ, թունավորվեց 6 հազարից ավելին: Ահաբեկչությունը կազմակերպել էր «Աում սինրիկյո» կոչվող կրոնական խմբավորումը, որը կանխատեսում էր աշխարհի վերջը, բարու և չարի վերջին մարտը:
Ճապոնական ոստիկանությունն աղանդի ճամբարի վրա գրոհով ձերբակալել էր այս խմբավորման առաջնորդին, 30 առանցքային ֆիգուրների: Հարձակումից երկու տասնամյակ անց և մանրակրկիտ դատավարությունից հետո պաշտոնապես հայտարարվում է` առաջնորդին և 6 օգնականներին մահապատժի են ենթարկել: Նրանց բոլորին կախել են:
Աղանդի առաջնորդ Սեկո Ասահարան հրապարակային հայտարարությամբ երբեք չի բացատրել մետրոյի հարձակման մոտիվացիան: Դրանից մեկ տարի առաջ էլ ճապոնական մեկ այլ քաղաքում էին նույն թունավոր գազը տարածել: Զոհվել էր 7 մարդ: Դարձյալ ոչ մի հրապարակային բացատրություն:
Աղանդը հիմնվել է 30 տարի առաջ և հիմա 30-ից 50 հազար հետևորդ ունի: Արգելված է որոշ երկրներում` ներառյալ Ռուսաստանում, որտեղ հետևորդների թիվը հասնում է տասը հազարի: Նրանք սպասում են ապոկալիպսիսի և համոզված են` կփրկվեն միայն նրանք, ովքեր հետևում են իրեն նոր Հիսուս և Բուդդա հայտարարած և կախաղան բարձրացված առաջնորդին: Արդեն երկու տարի աղանդը տարածվում է նոր` «Ալեֆ» անունով: