Array ( [mr_id] => 74250 [mr_node] => 68895 [mr_media] => 70948 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70948 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70948.png [media_name] => pikspost1126969n_5636_4932746_copy.png [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-07 17:16:41 )
Facebook Instagram Youtube
Շաբաթվա բացահայտումներն ու հրաժարականները
Ազգային անվտանգության ծառայությունն այս շաբաթ շարունակեց հատուկ գործողությունները:

Լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման ենթարկվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Հիմնադրամի ղեկավարը խոստովանել է, որ տնօրինել է հիմնադրամի 25 միլիոն դրամ վարկային գծով բանկային քարտը, որի միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով` կատարելով առցանց խաղադրույքներ: Վատնած միջոցները Վարդանյանը վերադարձրել է` անձնական միջոցները կանխիկ մուտքագրելով հիմնադրամի հաշվապահություն: «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին դատարանն ազատ է արձակել մեկ միլիոն դրամ գրավով: 

Այս շաբաթ մեղադրանք առաջադրվեց նաեւ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանին` Վյաչեսլավ Հարությունովին դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցնելու համար: Դատարանի միջնորդությամբ Բաբայանը կալանավորվել է: ԱԱԾ-ն այս շաբաթ հետախուզում հայտարարեց նաեւ Նարեկ Սարգսյանի ու Արտեմ Պետրոսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: 

Նոր մանրամասներ պարզվեցին նաեւ Մարտի մեկի գործով: Հատուկ քննչական ծառայությունը հայտնեց, որ գործով, որպես վկա կհարցաքննվի 2 – րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ մարտի մեկի գործով, որպես մեղադրյալ ներգրավվել է նաեւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Նրա նկատմամբ էլ հայտարարվել է հետախուզում: Միքայել Հարությունյանը երկրից դուրս է եկել, երբ քրեական հետապնդում չկար: 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ը սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքով ձեռք են բերվել ապացույցներ, որից հետո պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը գործում ներգրավվել է, որպես մեղադրյալ: 

Նոր մեղադրանք է առաջադրվել նաեւ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ նրա եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ: ՀՀ քննչական կոմիտեն Մասիսի քաղաքապետին և նրա եղբորը մեղադրանք է առաջադրել զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց ընթացքում բռնություն գործադրելու, զենքով խուլիգանություն կատարելու համար: Դատարանը որոշել է եղբայրներին կալանավորել: 

Մեկ ամիս առաջ, Մասիսի քաղաքապետին մեղադրանք էր առաջադրվել Էրեբունիում ապրիլի 22-ի անկարգությունների գործով: Համբարձումյանը ձերբակալվել էր, բայց դատարանը մերժել էր նրան կալանավորելու միջնորդությունները: Դավիթ Համբարձումյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է: 

Լրացվել է նաեւ Դավիթ Համբարձումյանի եղբոր մեղադրանքը: Նա մեղադրվում է Ապրիլյան իրադարձությունների ժամանակ Հերացի փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի ու խուլիգանության համար:

Աղմկոտ հանդիպումից հետո Կապանի քաղաքապետը հայտնեց իր հրաժարականի մասին։ Հայտարարության մեջ քաղաքապետն ասել է, որ ժամկետից շուտ վայր է դնում իր լիազորությունները ու հրաժարական է տալիս Կապան համայնքի ղեկավարի պաշտոնից:

Շաբաթվա աղմկահարույց բացահայտումներին մարզային այցելությունների ժամանակ անդրադարձավ նաեւ վարչապետը: 

Ամենահաճախ տրվող հարցերից մեկին, թե կոռուպցիոն գործերով բյուջե, որքան գումար կվերադարձվի, վարչապետը պատասխանել է, որ վերադարձվող գումարի չափը կպարզվի առաջին արդյունքներն ամփոփելուց հետո: