Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատմել է, որ Ռուսաստանում շատ արդյունավետ հանդիպումներ է ունեցել, որոնց արդյունքները շուտով տեսանելի կլինեն:
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ Արմեն Գրիգորյանը առաջին հերթին քննարկել է հայ-ռուսական հարաբերությունների ռազմական բաղադրիչը, խոսել Հայաստանի ձեռք բերած և ձեռք բերելիք ռազմամթերքի մասին:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի կայքում հանդիպման հաղորդագրությունն ի սկզբանե այլ էր, նշված էր, որ քննարկել են ղարաբաղյան խնդիրը, որը պետք է կարգավորվի փուլային տարբերակով: Այս առիթով մամուլում մեծ աղմուկ էր բարձրացել, որից հետո սխալը շտկել են և այդ ձևակերպումը հեռացրել:
Արմեն Գրիգորյանը Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպմանը բարձրացրել է նաև Արցախի սահման այցելած ռուս փորձագետների և պատգամավորների խնդիրը, որոնք Ադրբեջանում հակահայկական հայտարարություններ են արել: Մոսկվայում ասել են, որ այդ հարցով իրենք կզբաղվեն: