Առաջին կրակոցները հայ-ադրբեջանական պետական սահմանի Չինարի գյուղի ուղղությամբ լսվել են նախօրեի առավոտյան: Գյուղի բնակիչները հենակետերում նկատել են լարվածություն: Երեկոյան գնդակոծությունն ինտենսիվ է դարձել: Հակառակորդը թիրախավորել է հայկական բնակավայրի տները, մանկապարտեզը: Կրակել են խոշոր տրամաչափի զինատեսակներից: Ադրբեջանի զինուժը գործի է դրել նաև դիպուկահարներ:
Հայկական բանակի պատասխան կրակից հետո գնդակոծությունը դադարել է կեսգիշերն անց, ժամը մոտ մեկին: Տավուշի ուղղությամբ և գիշերային ժամերին ադրբեջանական զինուժն ակտիվություն է ցուցաբերում սեպտեմբերի 2-ից: Պարբերական կրակի տակ են հայտնվել սահմանապահ Բաղանիսը և միջպետական ճանապարհը, Կոթին, Վազաշենը: Վազաշենում նույնիսկ պատահմամբ ֆիքսել, տեսանկարահանել էին գնդակոծության սկիզբը:
Տասնօրյա գնդակոծությունը մեկնաբանելով՝ պաշտպանության նախարարը հորդորել էր չանհանգստանալ: Դավիթ Տոնոյանի խոսքով՝ այս ակտիվությունը կարող է պայմանավորված լինել ամենատարբեր գործոններով` գյուղատնտեսական աշխատանքներից մինչև դիրքերում ինժեներական փոփոխություններ: