Քարոզարշավի հենց սկզբում Սասնա ծռեր կուսակցության անդամները հայտարարեցին, որ այս խորհրդարանը իրենց կարծիքով անցումային է եւ 1.5-2 տարվա կյանք է ունենալու:
Այս հայտարարությանը շատ սուր արձագանքեց Նիկոլ Փաշինյանը: Նա պնդեց, որ ընտրվող խորհրդարանը լինելու է լեգիտիմ և գործելու իր լիարժեք ժամկետներում:
Մեկ այլ սկանդալային հայտարարություն արեց Սասուն Միքայելյանը: Նա կարծիք հայտնեց, որ գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունը արցախի պատերազմից կարեւոր էր:
Այս հայտարարությունը բուռն քննարկվեց սոցցանցերում: Դրան անդրադարձավ նաեւ Հանրապետական Արմեն Աշոտյանը:
Ավելի ուշ` Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ՀՀԿ-ին: Հայտարարելով, որ նրանք բանակի մասին չպետք է խոսեն, որովհետև թալանել են բանակը: Ավելի ուշ` Ալավերդիում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, որի որդին ծառայում է Արցախում: Նա նաեւ հայտարարեց, որ նույնիսկ ղարաբաղցի ղեկավարների զավակները բանակում չեն ծառայել: Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը պարզաբանում պահանջեց Փաշինյանից, թե ում նկատի ունի:
Սրան ի պատասխան Փաշինյանը հայտարարեց, որ հարցեր ունի Բակո Սահակյանին: Նա անհասկանալի համարեց Արցախի իշխանության ներկայացուցիչների վերջին օրերի ակտիվությունը:
Հաջորդ դիպվածը, Սպիտակ քաղաքում էր, որտեղ Նիկոլ Փաշինյանը խիստ անդրադարձավ ընտրողներին վախեցնող գյուղապետերին:
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը ֆեյսբուքյան լայվով անդրադարձավ Էդուարդ Շարմազանովը: Նա կոչ արեց Լոռեցիներին չսպառնալ:
Քարոզարշավի հենց սկզբից ամենաքննարկվածը ՀՀԿ-ի քարոզարշավի դիզայնն էր, որտեղ կուսակցությունը ներկայանում է սեւ ու սպիտակ գույների մեջ: Բացի այդ, հատկապես շատ քննարկվեց նրանց նախընտրական կարգախոսը: Տարածվեցին տարբեր մեմեր: Ի վերջո կուսակցությունը հայտարարեց մրցույթ, լավագույն մեմի համար:
Սեւ ու սպիտակի թեմայի մեջ քարոզարշավի ամենաանսովորը ՕԵԿ-ի տեսահոլովակն էր, որտեղ Արթուր Բաղդասարյանն էր նկարահանվել Մաֆիա խաղալիս եւ հայտարարում էր, որ ինքը կարմիր է:
Քարոզարշավի ամենամեծ զարմանքը Նաիրա Զոհրաբյանի կերպարանափոխությունն էր: Նախընտրական քարոզարշավից առաջ նա հանդես եկավ նոր իմիջով, ինչը շեշտակի տարբերվում է նրա նախկին իմիջից: