Array ( [mr_id] => 77627 [mr_node] => 71217 [mr_media] => 72589 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72589 [media_album] => 1 [media_path] => media/2018/12/72589.jpg [media_name] => reportaj.00_12_53_04.Still018.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-12-04 19:50:05 )
Facebook Instagram Youtube
ՍՈՒ 25-ի կործանում. զոհվել են հայկական բանակի 2 փորձառու օդաչուներ
Վթարի է ենթարկվել Զինված ուժերի ՍՈւ-25 մարտական օդանավը: Գյումրիից օդ բարձրացած բորտի հետ կապը կտրվել էր թռիչքի 14-րդ րոպեին, որոնողական աշխատանքները տևել են 4 ժամ, օդանավը կտոր-կտոր եղած գտել են Մարալիկի լեռներում։

Հայկական զինուժի կործանված գրոհիչի բեկորներն են: Տարածված են դեպքի վայրից 300 մետր շրջագծով: Ողբերգական տեսարանը Շիրակի մարզի հարավում է` Մարալիկի Քարաբերդ բնակավայրի մոտակայքում, լեռնային տեղանքում: Ավելի մոտենալը պարզապես արգելված է:

Գյումրիի օդակայանից Սու 25-ը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչքի է դուրս եկել առավոտյան 10ն անց 6 րոպեին: Անձնակազմի հետ կապը կորել է թռիչքի 14-րդ րոպեին: Ահազանգից անմիջապես հետո սկսվել են որոնողա-փրկարարական աշխատանքները: Ամեն ինչ ավելի էր բարդանում խիտ մառախուղի պատճառով:

4 ժամ անց հայտնաբերվել է դեպքի վայրը: Այնտեղ առաջիններից մեկը հասել ու ամեն ինչ տեսել է Անի համայնքի ղեկավարը: 

Մինչև վերջին պահը հույս կար, որ օդաչուները կարողացել են կատապուլտի ենթարկվել: Զոհվել են հայկական բանակի երկու փորձառու օդաչուներ: 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Մանուկյանը: Նրանց ընտանիքներին, հարազատներին և ծառայակիցներին ցավակցություններ են հայտնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ամենայն հայոց կաթողիկոսը, պաշտպանության նախարարությունը:

Ավիապատահարի պատճառը պարզելու նպատակով ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է Սու 25-ի սև արկղը: Հարուցվել է քրեական գործ` ռազմական թռիչք իրականացնող սարքերի նախապատրաստման և շահագործման կանոնները խախտելու հոդվածով:

Եվ սա կտրուկ փոփոխվող լեռնային ռելիեֆով ճիշտ այն տարածքն է, որտեղ 88-ին վթարվել են երկրաշարժից տուժած Շիրակին օգնության շտապող երկու օդանավեր: