Փախուստ բանտից՝ դետեկիվ ֆիլմի սցենարով: Լուսադեմին, ժամը 4։40-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի 2-րդ հարկում 33 և 25 տարեկան կալանավորները մետաղական երկու ձողերով քերել են խցի պատը, անցք բացել դեպի արգելագոտի:
Մառախլապատ եղանակի և ցածր տեսանելիության շնորհիվ նրանց հաջողվել է հաղթահարել փշալարերի առաջին արգելապատնեշը, հետո հագուստի միջոցով մեկուսացրել են բարձր լարման տակ գտնվող երկրորդ արգելապատնեշը:
Ահազանգման համակարգը միացել է, երբ կալանավորները մոտեղել են ելքին: Նրանց նկատել են անվտանգության աշխաատակիցները և նախազգուշացրել, որ փախչելու դեպքում կկրակեն: Կալանավորներից մեկը չի ենթարկվել պահանջին և զենքի նման առարկայով հարձակվել է անվտանգության աշխատակցի վրա:
Կալանավորները դիմադրություն են ցուցաբերել, բայց անվտանգության աշխատակիցներին հաջողվել է նրանց վնասազերծել և կանխել փախուստի փորձը: Դեպքի վայրում հայտնաբերվել է խոհանոցային դանակ, պատի անցքը քողարկելու համար ստվարաթուղթ և ներկված նրբատախտակ: Հարուցվել է քրեական գործ: