Array ( [mr_id] => 79953 [mr_node] => 72881 [mr_media] => 59602 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59602 [media_album] => 7 [media_path] => media/2016/02/59602.jpg [media_name] => 6585.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-02 11:47:39 )
Facebook Instagram Youtube
ԵԱՀԿ ՄԽ-ն հայտարարություն են տարածել Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ
Համանախագահները կշարունակեն քննարկել համապատասխան հարցերը հակամարտության հետևանքով ուղղակիորեն տուժած շահագրգիռ կողմերի հետ՝ ընդունելով, որ նրանց տեսակետներն ու մտահոգությունները պետք է հաշվի առնվեն ցանկացած բանակցային լուծման դեպքում

Միջնորդները նախ նշել են, որ Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումն առաջինն է լինելու իրենց հովանու ներքո: Կարևորում են արդյունավետ քննարկումների միջավայրի ապահովումը, դրական են գնահատում ժողովուրդներին խաղաղության պատրաստելու սկզբանական քայլերը: 

«Միևնույն ժամանակ, համանախագահները վերահաստատում են լարվածության թուլացման ու հրահրող հռետորաբանության նվազեցման խիստ անհրաժեշտությունը: Այս համատեքստում համանախագահները կոչ են անում զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները»: 

Միջնորդները մանրամասն վերահաստատել են կարգավորման սկզբունքներն ու տարրերը՝ հիշեցնելով 2009-ից 2012 թվականներին համանախագահ երկրների նախագահների հայտնի հայտարարությունները: 

«Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որը անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաև խաղաղապահ գործողություն»:

Համանախագահները ընդգծում են՝ այս սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են, դրանցից որևէ մեկն առաջնային համարելու ցանկացած փորձ անհնար կդարձնի հավասարակշռված լուծումը: Բացի այդ, միջնորդներն անուղղակի անդրադարձել են նաև Արցախի հանրապետությանը: 

«Համանախագահները կշարունակեն քննարկել համապատասխան հարցերը հակամարտության հետևանքով ուղղակիորեն տուժած շահագրգիռ կողմերի հետ՝ ընդունելով, որ նրանց տեսակետներն ու մտահոգությունները պետք է հաշվի առնվեն ցանկացած բանակցային լուծման դեպքում»:

Միջնորդների հայտարարությանն արձագանքել է ԱԳ նախարարությունը՝ նշելով, որ վերջին շրջանում նկատելիորեն կոշտացել են Ադրբեջանի տարբեր պետական օղակների հայտարարությունները, Բաքուն շեշտում է ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումը, ինչը դատապարտելի է և հենց սա է արտացոլում համանախագահների հայտարարությունը: 

«Երբ Հայաստանի վարչապետը Եվրոպական խորհրդարանում հայտարարում է երկխոսության, հանդուրժողականության և փոխզիջման մշակույթի ներդրման անհրաժեշտության մասին, Բաքվից սպառնում են, որ կարող են իրենց հասարակությանը պատրաստել ոչ թե խաղաղության, այլ հիմնախնդրի այլ ձևերով հանգուցալուծման»:

ԱԳ նախարարությունը շեշտում է՝ Հայաստանը չի ընդունում սպառնալիքով բանակցելու պարտադրանքը՝ ընդգծելով, միջադեպերի կանխարգելման մեխանիզմներ ենթադրող Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները շարունակում են մնալ առարկայական: