Array ( [mr_id] => 79966 [mr_node] => 72902 [mr_media] => 73808 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73808 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73808.png [media_name] => 6.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-11 14:06:04 )
Facebook Instagram Youtube
Համատարած ամենաթողություն. ՄԻՊ-ը խախտումներ է արձանագրել երեխաների խնամքի հատուկ հաստատություններում
ՄԻՊ-ի նոր ուսումնասիրությունը փակ հաստատություններում: Ժամկետանց դեղեր, կասկածելի սնունդ ու հակահիգիենիկ պայմաններ: Ի՞նչ է այս անգամ հայտնաբերվել:

Մարդու իրավունքների պաշտպանն այս անգամ էլ հատուկ դպրոցներում էր: Մշտադիտարկում արեցին երեխաների խնամքի ու պաշտպանության 8 հատուկ դպրոցներում, մեկ գիշերօթիկում ու մեկ մանկատանը: Պաշտպանն ամփոփեց այցը ու հայտնեց` մտահոգ են: Ինչպես գրեթե բոլոր փակ հաստատություններում` երեխաների խնամքով զբաղվող հաստատություններում էլ անմխիթար են սանիտարահիգիենիկ, դեղերի պահպանման պայմանները, լոգարաններում թափանցիկ պատուհաններ են, առանց միջնորմերի զուգարանակոնքեր: Եվ ամենացավոտ հարցը` մասնագետների պակաս կա, հատկապես՝ բուժանձնակազմի:

Երբ անցյալ տարվա վերջին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը առանց զգուշացնելու այցելեց նաև Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատուն, տնօրենը երեխաների հետ Երևանում էր: Այցի մասին իմացավ հեռախոսով: Տնօրեն Սիմոնյանը, թերություններից գրեթե չի խոսում: Այստեղ հայտնաբերված խախտումները վերջին զեկույցում տեղ չեն գտել, բայց փորձն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, ամենուր գրեթե նույն խնդիրներն են` ժամկետանց սնունդ էլ կա, ննջասենյակներում էլ միշտ գերբնակեցում է: Գիտի, բայց մտահոգված չէ: Սոնյա Սիմոնյանի լավատեսության պատճառն ու մտահոգության բացակայությունը այն 16 չափահասներն են, որոնք շուտով կլքեն մանկատունը: Նրանց տեղը կազատվի, քանի դեռ նորերը չեն եկել:

Գերբնակեցման պատճառը վերջին տարիներին աննախադեպ շատ թվով երեխաների ընդունելն է: Երբ բացվեցին, ամենաշատը 40 երեխա էին խնամում, այսօր` 93: Մարդու իրավունքների պաշտպանը, սակայն, գերբնակեցումը իրավունքների լուրջ խախտում է համարում, հատուկ հաստատություններում ժամանակավոր կամ մշտական ապրող երեխաները չունեն անձնական տարածք:

Հատուկ նպատակով նախատեսված մեկուսարանները օգտագործվել են որպես պահեստ, իսկ մեկուսարաններում գտնվող անկողնային պարագաները եղել են սանիտարահիգիենիկ անընդունելի վիճակում: Հայտնաբերվել են անգամ կրծող կենդանիների արտաթորանքներ:

Սա Պաշտպանի զեկույցից միայն մեկ փոքրիկ հատված է: Թե հատկապես որ հաստատությունում են արձանագրվել այս խախտումները, Արման Թաթոյանը դեռ չի պարզաբանում: Նախ` բոլոր խախտումները կներկայացնեն հենց իրենց` հաստատությունների ղեկավարներին, որոշ դեպքերում` նաև իրավապահներին: Հատուկ կետով անդրադարձել է նաև հատուկ դպրոցների անձնակազմին: Ինչպես խնամյալների, այնպես էլ աշխատակիցների իրավունքները հաճախ պաշտպանված չեն:

Երևանյան հատուկ դպրոցների դռները փակ են, Քաղաքապետարանը կտրականապես մերժեց` այս պահին արգելում է մուտքը որևէ հատուկ հաստատություն: Չարձագանքեց նաև կրթության և գիտության նախարարությունը: Ինչպես միշտ, պաշտպանը նկատեց, մտահոգվեց խախտումներով, բայց նաև արձանագրեց` սա ամենազգայուն սոցիալական շերտն է, նկատում են նույնիսկ ամենափոքր, բայց դրական զարգացումները: Բոլոր հաստատություններում արված մշտադիտարկման արդյունքներն ամփոփվել են, խնդիրները լուծելու առաջարկները` ներկայացվել: