Array ( [mr_id] => 87874 [mr_node] => 77220 [mr_media] => 77274 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77274 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77274.jpg [media_name] => Nane - Irak cuycer copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-04 15:57:50 )
Facebook Instagram Youtube
Բողոքի զանգվածային ցույցեր տարբեր երկրներում՝ պատճառներն ու պահանջները տարբեր են
Լիբանանի նախագահն աջակցություն է հայտնել ցուցարարներին։ Իսպանիայում կատալոնացիները պատրաստվում են արքայական ընտանիքի այցին։ Չիլիի կառավարության պաշտոնանկությունից հետո էլ ցուցարարները չեն հավատում նախագահին։

Աշխարհում տարբեր պատճառներով և պահանջներով բողոքի զանգվածային ցույցեր են: Տարբեր են նաև մեթոդները, ընդհանուր է իշխանությանն ուղղված դժգոհությունը:

Իրաքում արմատական փոփոխություն են պահանջում: Հակակառավարական ցույցերը վատ կենսապայմանների և կոռուպցիայի դեմ են: Կաթվածահար է երթևեկությունը, փակ են դպրոցներն ու աշխատավայրերը: Հոկտեմբերին սկսված բողոքի ակցիաները 250 մարդու կյանք են խլել, կա 5 հազար վիրավոր:

Լիբանանում վարչապետի հրաժարականից հետո էլ ցույցերը շարունակվում են: Նախագահ Միշել Աունը հայտարարել էր, որ պաշտպանում է ցույցեր անցկացնելու ժողովրդի իրավունքը: Ի պատասխան` ցուցարարները նրա նստավայրի դիմաց վանկարկել են` բոլորը նշանակում է բոլորը: Նկատի ունենալով, որ նախագահի հրաժարականը ևս նրանց պահանջների մեջ է:

Մի քանի հազար քաղաքացիներ էլ նախագահի դեմքով շապիկներ են հագել ու իրենց սիրո և աջակցության մասին հայտնել:

Ցուցարարները երկու ճամբարի են բաժանվել նաև Իսպանիայում: Նրանց մի մասը պահանջում է վերանայել անջատողականների առաջնորդներին 13 տարով դատապարտելու որոշումը, ցուցարարների մյուս խմբի բողոքն էլ հենց անջատողականների դեմ է: Հիմա էլ կատալոնացիները պատրաստվում են արքայական ընտանիքի այցին: Հյուրանոցի առջև հավաքվածները ջերմ ընդունելություն չեն խոստանում:

Իրավիճակն արդեն 21 շաբաթ չի խաղաղվում Հոնկոնգում: Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ վառվող շշեր և աղյուսներ են նետել, թալանել ու ավերել են իշխանամետ խանութներն ու ընկերությունները: Ոստիկաններն էլ պատասխանել են արցունքաբեր գազով և ռետինե փամփուշտներով: Երկու հարյուրից ավելի ցուցարար ձերբակալվել է, կա երկու տասնյակ վիրավոր:

Բախումներ են եղել նաև ցուցարարների միջև: Անհայտ տղամարդը, որը պնդել է, որ Հոնկոնգը պատկանում է Չինաստանին` դանակով վիրավորել է վեց մարդու և կծել է ցույցերին աջակցող քաղաքական գործչի ականջը: Մինչև ոստիկանությունը կմիջամտեր` ցուցարարները հաշվեհարդար են տեսել տղամարդուց:

Չիլիում կառավարության անդամներին պաշտոնանկ անելուց հետո էլ ցուցարարները չեն հավատում նախագահին: Մետրոյի ուղեվարձի բարձրացման դեմ բողոքի ակցիաները վերաճել են սոցիալական անարդարության դեմ պայքարի: Խոսքը երեսուն պեսոյի մասին չէ, այլ երեսուն տարվա: Սա ցուցարարների հիմնական կարգախոսն է: Երեսուն պեսոն ուղեվարձի բարձրացման չափն է, երեսուն տարին՝ այն ժամկետը, որի ընթացքում ձևավորվել է գործող պետական համակարգը: