Իրաքում արյունալի բախումների ֆոնին երկրի վարչապետը հայտարարեց, որ մտադիր է հրաժարական տալ, բայց ցույցերը չդադարեցին: Հայտարարությունից ժամեր անց արդեն յոթ զոհ և երկու տասնյակից ավելի վիրավոր կա: Ցուցարարները մտադիր են շարունակել պայքարը, պահանջում են քաղաքական ամբողջ էլիտայի հրաժարականը: Հոկտեմբերին սկսած ցույցերում զոհվել է 400 մարդ:
Կոլումբիայում ցուցարարների թիվն ու նրանց պահանջներն աճում են: Իրավիճակը լարվեց, երբ ոստիկանության գործողությունների հետևանքով 18-ամյա ցուցարար մահացավ: Կոլումբացիները բողոքում են սոցիալական պայմաններից և կոռուպցիայի դեմ կառավարության անգործությունից: Իշխանությունը փորձում է երկխոսել քաղաքացիների հետ, կառավարության անդամները հանդիպումներ են կազմակերպում ուսանողների, գործարարներ և այլ խմբերի հետ:
Չիլիում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետում, իրավապահներն էլ պատասխանում են արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով: Այստեղ մեկ ամսից ավելի շարունակվող ցույցերի պատճառը մետրոյի ուղեվարձի թանկացումն էր, որն արդեն չեղարկվել է: Հիմա ցուցարարները սոցիալական անհավասարության և իրենց խոսքով բռնապետական սահմանադրության դեմ են պայքարում: Ցույցերի սկզբից կա 24 զոհ, մոտ 3 հազար վիրավոր և 6 հազար ձերբակալված:
Հարևան Թբիլիսիում կրկին անհանգիստ է: Ընդդիմությունը կրկին արգելափակել էր խորհրդարանի մուտքերն ու փորձում էր տապալել նիստը, բայց իշխող կուսակցության պատգամավորները նիստից 5 ժամ առաջ հասել էին խորհրդարան ու տապալել ընդդիմադիր ցուցարարների պլանները: Ցուցարարների մեկ այլ խումբ էլ հավաքվել էր ազգային գրադարանի շենքի մոտ: Վեց քաղաքացու բերման են ենթարկել: