Ոչ թե խոշոր նվիրատվություններ, այլ փոքր հանգանակություններ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը փոխում է ռազմավարությունը: Շեշտը կդրվի ոչ թե մի քանի մեծ նվիրատուների, այլ մեծ քանակով մարդկանց ներգրավելու վրա: Առաջին փորձն արվել է: Ուղիղ եթերում վարչապետը հայտարարեց չելենջ երեք հայ հայտնիներին՝ ամսական 23-ական դոլար նվիրաբերել հիմնադրամին:
Հիմնադրամի գործադիր տնօրենը միայն թվերն ամփոփելու համար չէ այստեղ: Պատասխանում է ամենաքննարկված հարցերին, ինչու են նվիրատվությունները նախորդ տարիների համեմատ պակասում: Հայկակ Արշամյանը համաձայն չէ: Եղել են տարիներ, երբ խոստացված գումարն ամբողջությամբ չի փոխանցվել կամ մեկ ներդրող միանգամից խոշոր ներդրում է արել, մինչդեռ այս անգամ մասնակցությունն է եղել ակտիվ:
Նոր նվիրատվություններ դեռ կլինեն: Մոտ հազար հոգի տեխնիկական պատճառներով փոխանցումներն առայժմ չի արել: Կան երկրներն էլ, որտեղ մարաթոնը դեռ չի անցկացվել:
22-րդ հեռուստամարաթոնն անցկացվել է «Կենարար ջուր և արև համայնքներին» խորագրով: Սա նշանակում է հենց այդ երկու ուղղությամբ էլ կծախսվեն գումարները: Հանգանակվել է 10 միլիոն 235 հազար դոլար: Վերջնական թվերը կամփոփվեն տարեվերջին: