datepiker 22 Մայիսի, 2020

Փաշինյան. ՀՀ և Արցախի իշխանություններն ունեն հավաքական պատասխանատվություն

Արայիկ Հարությունյանի երդմնակալությունից հետո կայացել է պաշտոնական ընդունելություն։

Պաշտոնական ընդունելության ժամանակ Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է՝ յուրաքանչյուր ղեկավարի պարտքն է ազատագրված հայրենիքը գրկել ու առաջ տանել: Այդ պարտքի մի մեծ մասն, ըստ Բակո Սահակյանի, ծանրանում է Արայիկ Հարությունյանի ուսերին։ Հայկական երկու հանրապետությունների այսօրվա դերակատարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարել է պատմական: Թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում, իշխանությունները պատասխանատու են ոչ միայն իրենց ընտրողների, այլև համայն հայության առջև: Արցախի նախագահ Արայիկ Հարությունը վստահեցրել է, որ Երևանն ու Ստեփանակերտն աշխատելու են համատեղ՝ ազգային մարտահրավերներին հանդիման: Ըստ նրա՝ մոտեցումներն ու գնահատականները նույնն են: Առաջիկա 20 օրվա ընթացքում Արցախի նախագահը պետք է կազմավորի կառավարությունը, հաջորդ 20 օրվա ընթացքում՝ ներկայացնի կառավարության ծրագիրը: