datepiker 22 Մայիսի, 2020

Covid - 19. Նոր դեպքեր, նոր միջոցառումներ՝ կորոնավարակային լրահոս

49-րդ մանկապարտեզի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Նորքի տուն ինտերնատում վարակված 15 տարեցներից 12-ը հիվանդանոցում են։ Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է։ Նոյեմբերյանի տարածաշրջանում այս գիշեր հաստատվել է 9 դեպք։ Գեղարքունիքի մարզում 309 պացիենտներից 121-ն առողջացել են, 4-ը՝ մահացել։ Արարատի մարզում 522 պացիենտներից 213-ն առողջացել են, 8-ը՝ մահացել։ Սուրեն Պապիկյանի երկրորդ թեստի պատասխանը ևս բացասական է։ Վարակի տարածումը կանխարգելելու միջոցառումներում ընդգրկված է 45 հյուրանոց։ Երկու օրում ԱԻՆ-ն իրականացրել է 2266 օբյեկտների վարակազերծում։
Երևանի 49 մանկապարտեզի անձնակազմում կա վարակակիր: Մայիսի 20-ին չվերաբացված միակ մանկապարտեզում վարակի կասկածը հայտնաբերվեց նախապատրաստական աշխատանքների ժամանակ, երբ աշխատակիցներից մեկի մոտ ջերմություն արձանագրվեց: Որոշվեց թեստավորել. պատասխանը դրական էր: Մանկապարտեզն անորոշ ժամանակով փակ կմնա: Նորքի տուն-ինտերնատում այս պահին կա կորոնավիրուսով վարակված 15 տարեց: 12-ը հիվանդանոցում են: Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը կայուն է: Մահվան նոր դեպք չկա: Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է: Մայիսի 22-ի դրությամբ՝ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 99 հիվանդ է բուժվում, 40-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչև օրս դուրս է գրվել 115 պացիենտ: 28 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 283 քաղաքացի։ Հիվանդության անախտանիշ ընթացքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ: Մահացել է յոթ մարդ: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում կորոնավիրուսային հիվանդության 10 հաստատված դեպք կա, որից 9-ը հաստատվել է այս գիշեր։ Վարակվածները մեկ ընտանիքից են, այս պահին պարզվում է նրանց շփման շրջանակը։ Տավուշի մարզպետն ասել է, որ ընտանիքի անդամներից միայն մեկի մոտ կան ախտանշաններ: Գեղարքունիքի մարզում մայիս ամսվա ընթացքում փակված էր երկու բնակավայր՝ Վարդենիս քաղաքը և Դդմաշեն գյուղը: Վարդենիսի արգելանքը հանվել է մայիսի 9-ին, Դդմաշենինը՝ մայիսի 14-ին: Մայիսի 21-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 309 դեպք, 121-ն` առողջացել են, չոnս մարդ մահացել է: Արարատի մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 522 է, 213-ն առողջացել են, 8-ը՝ մահացել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 331 քաղաքացի: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կորոնավիրուսի երկրորդ թեստի պատասխանը բացասական է: Սուրեն Պապիկյանը վարակված չէ: Կորոնավիրուս չի հայտնաբերվել նաև վարակակիրների հետ շփում ունեցած նախարարության մյուս աշխատակիցների մոտ: Ինքնամեկուսացած նախարարն ու աշխատակիցները կվերադառնան աշխատանքի: COVID-19 -ի տարածումը կանխարգելելու միջոցառումներում ներգրավված է 45 հյուրանոցային տնտեսության: 36-ը կառավարությունը տնօրինել է վճարովի հիմունքներով: Մյուսները համարները տրամադրել են անվճար: Հյուրանոցների մեկ համարի առավելագույն արժեքը 22 հազար դրամ է, նվազագույնը՝ 5 հազար դրամ: էկոնոմիկայի նախարարությունը հյուրանոցներում և հյուրատներում մեկուսացված անձանց կեցության համար վճարել է ավելի քան 620 միլիոն դրամ, մոտ 126 միլիոն դրամ էլ՝ սննդի համար: ԱԻՆ-ը շարունակում է ամենօրյա վարակազերծումը ամբողջ Հայաստանում: Ամեն օր ախտահանվում են բժշկական կենտրոնները, ծննդատները, պոլիկլինիկաները, դեղատները, բանկերը, շուկաներն ու առևտրի կենտրոնները: Մայիսի 20-21-ը փրկարարները կատարել են 2 հազար 266 վարակազերծում, որից հազար 555-ը՝ մարզերում, 711-ը՝ Երևանում։ Ամեն օր վարակազերծվում են նաև ստորաբաժանման տրանսպորտային միջոցները, գույքը և համազգեստը։