datepiker 23 Հունիսի, 2020

Դոնորական ցողունային բջիջները Գերմանիայում կփրկեն հիվանդի կյանքը

Արտակարգ դրության ու աշխարհում մոլեգնող համավարակի պայմաններում Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը Հայաստանից դոնորոական ցողունային բջիջներ կուղարկի Գերմանիա` այնտեղ բուժվող արյան քաղցկեղով հիվանդի համար:
Կյանքեր փրկելու ցանկությանը չի կարող խոչընդոտել նույնիսկ համավարակը: Արտակարգ դրության ու աշխարհում մոլեգնող համավարակի պայմաններում Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը Հայաստանից դոնորոական ցողունային բջիջներ կուղարկի Գերմանիա` այնտեղ բուժվող արյան քաղցկեղով հիվանդի համար: Դոնորը հիվանդի ազգականն է, կորոնավիրուսով վարակված ու արդեն բուժված:

Գերմանիայում բուժվող հիվանդը նախնիկում մեկ անգամ փոխպատվաստվել էր, ինչի շնորհիվ վիճակը բարելավվել էր, վերջերս էլ` կրկին վատթարացել: Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրում գտել են համապատասխանությունը: Հիվանդի ազգականը մեծ սիրով համաձայնել է դոնոր դառնալ հարազատի համար:



Բժիշկների խոսքով` համավարակը բարդացնում էր գործընթացը. սահմանները փակ են, հիվանդի կյանքը փրկելու ժամանակը` քիչ: Դոնորական ցողունային բջիջները Գերմանիա հասցնելու համար ընդամենը մեկ օր ժամանակ կար:



Արտակարգ դրության պայմաններում Կառավարության, առողջապահության նախարարության, պետական եկամուտների կոմիտեի ու քաղավիացիայի աջակցությամբ գործընթացը իրականացվել է որքան հնարավոր է արագ և առանց խոչընդոտների: Օրվա վերջում դոնորական ցողունային բջիջները կլինեն Գերմանիայում:

Ամբողջ գործընթացն անվճար է իրականացվել, փոխադրման ծախսերն էլ հոգացել է տրանսպլանտացիոն կենտրոնը: Ոչ հիվանդը, ոչ էլ դոնորը չեն վճարել: