datepiker 01 Օգոստոսի, 2020

Զենքի ներկրում․Սերբիան և Հորդանանը պատասխանել են Ադրբեջանի հիստերիային


Սերբիան արդեն երեք տարի՝ 2017–ից սկսած իր ռազմարդյունաբերական ընկերություններին տալիս է թույլտվություն Հայաստան արտահանումների համար։ Մինչև այս պահը 3 ընկերությունների տրվել է 19 թույլտվություն։ Սա Սերբիայի պաշտոնական պատասխանն է Ադրբեջանին՝ Հայաստանի հետ անօրինական ոչ մի գործարք չի եղել: Այս տեքստով Սերբիայի առևտրի նախարարը գրավոր առավել քան անհիմն դարձրեց Բաքվի իշխանական մեդիայի բարձրացրած աղմուկը: Ադրբեջանին վրդովվեցրել էր, որ Տավուշում լարվածության օրերին Հայաստանն օգտագործել է Սերբիայից ներկրած ռազմական արտադրանք: Ադրբեջանում համոզված են՝ Հայաստանը Սերբիայից մեծ ծավալի գնումների է կատարում: Ըստ սերբական մեդիայում հայտնված տվյալների, միայն մեկ գործարանից Հայաստանը սպասում է տարբեր տրամաչափի 142 հազար ականանետ և զինամթերք՝ գրադ կայանքների համար: Ադրբեջանը սկանդալ է սկսել նաև Հորդանանի հետ՝ նույն պատճառով: Բաքվում Հորդանանի դեսպանին կանչել են արտգործնախարարություն և բացատրություն պահանջել: Սրան ուղիղ պատասխանը հետևել է անմիջապես: Հորդանանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանի դեսպանը: Ամմանում զարմացած են ադրբեջանցի պաշտոնյաների վարքից ու դիտողություններից, թե Հորդանանը զենք է արտահանում Հայաստան: Ադրբեջանի դեսպանին բացատրել են, որ Հորդանանի պաշտպանական արդյունաբերության մասնավոր ընկերությունների համար կա բաց միջազգային շուկա, և այդ ընկերություններն աշխատում են միջազգային օրենքներով և սահմանափակումներով: