datepiker 01 Օգոստոսի, 2020

Պարետի նոր որոշմամբ՝ պարտադիր չէ 10-ից 12-ը սպասարկել միայն կենսաթոշակառուներին

Մարզասարքի կողքին պետք է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներ։ Բագրավան գյուղում կորոնավիրուսի վարակման 4 դեպք Է գրանցվել։ Երևանում և մարզերում խախտումները պակասել են։

Պարետի նոր որոշմամբ այլևս պարտադիր չէ առավոտյան 10-ից 12-ը սպասարկել միայն կենսաթոշակառուներին: Համաձայն փոփոխության, տնտեսվարողը հիմա պարտավոր է յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ նրա ներկայությամբ ախտահանել սեղանի մակերևույթը։ Պարետը փոփոխություններ է մտցրել նաև մարզասրահներում և լողավազաններում հակահամաճարակային կանոնների պահպանման սկզբունքներում: Եվ այսպես յուրաքանչյուր մարզասարքի կողքին, տեսանելի վայրում պետք է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաներ: Լողավազանի շուրջ նստարանները պետք է տեղադրվեն միմյանցից առնվազն մեկուկես մետր հեռավորության վրա։ Ամեն այցելուից հետո լոգախցիկը, հանդերձարանի պահարանը, նստարանները պետք է ախտահանվեն 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով ու այդ ամենը պետք է գրվի գրանցամատյանում: Շիրակի մարզի Բագրավան գյուղում կորոնավիրուսի վարակման 4 դեպք Է գրանցվել: Բոլոր վարակակիրների առողջական վիճակը բավարար է: Վարակի տարածման աղբյուրի մասին ոչինչ չգիտեն, քանի որ գյուղում մասսակայան միջոցառում չի կազմակերպվել, բայց քանի որ գյուղը մոտ է Երևան-Գյումրի մայրուղուն, կասկածում են, որ վարակը տարածվել է գյուղեր այցելող առևտրականներից: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 31 բնակիչ է բուժվում։ Մինչև հիմա մարզային կենտրոնում իրականացվել է 7745 նմուշառում: Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 625 քաղաքացի: Մշտադիտարկումները շարունակվում են Երևանում և մարզերում: խախտումները պակասել են, բայց դեռ կան տնտեսվարողներ, որոնք չեն պահպանում պարետի ցուցումները, գրանցամատյանում լինում են թերություններ և աղբամանները փակվող չեն լինում, բակերում էլ մարդիկ չեն պահպանում սոցիալական հեռավորությունը և դիմակները սխալ են կրում: